Բաժին. Ֆինանսական

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԲԱՐՁՐ

Մեր երկրի տնտեսության դոլարայնացման մակարդակը շարունակում է մնալ բավականին բարձր: 2011 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է  41.8%: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալները:

Միևնույն ժամանակ, վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը շարունակ աճել է և դեկտեմբերին կազմել 60.6%` հասնելով տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին: Նման զարգացումը խոսում է այն մասին, որ մեր երկրի տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակում են գերակշռել արտարժույթով վարկերը: ՀՀ առևտրային բանկերի  մոտ շարունակվում են «կուտակվել» արտերկրից ներգրավված միջոցներ:

Միևնույն ժամանակ, 2011 թվականի դեկտեմբերին ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ֆինանսական համակարգում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 60.6%` տարեսկզբի համեմատությամբ գրանցելով անկում` 4 տոկոսային կետի սահմաններում:

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում նույնպես նվազել է և կազմել 76.1% (հունվարին այս ցուցանիշը կազմել էր 79.5%), իսկ ցպահանջ ավանդների կշիռն ընդհանուր ցպահանջ ավանդներում կազմել է 53.2%` նվազելով շուրջ 5 տոկոսային կետով:

Share