Բաժին. Ֆինանսական

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

2012 թվականի հունվար ամսվա վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում ավանդների համախառն ծավալը կազմել է 1013.9 մլրդ ՀՀ դրամ` մեկ ամսվա ընթացքում աճելով շուրջ 4.5%-ով: Նշենք, որ 2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում տնտեսությունից և բնակչությունից ներգրավված ավանդների համախառն ծավալը կազմել էր 969.7 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության` հաշվետու ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ներդրված ավանդների ընդհանուր կառուցվածքում ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 244.3 մլրդ ՀՀ դրամ, ռեզիդենտների ավանդները` 769.5 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ ինչպես  ոչ ռեզիդենտներից, այնպես էլ ռեզիդենտներից ներգրավված ավանդներում գերակշռել են արտարժութային ավանդները:

Միևնույն ժամանակ, 2011 թվականի հունվարին միայն տնային տնտեսությունների կողմից բանկերում ներդրված ավանդներն` ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային, նվազել են: Հունվարի վերջի դրությամբ ՀՀ բանկերում տնային տնտեսությունների դրամային ավանդները կազմել են 47.2 մլն ՀՀ դրամ` դեկտեմբերի համեմատությամբ նվազելով շուրջ 10%-ով, իսկ արտարժութային ավանդները կազմել են 58.5 մլն ՀՀ դրամ` գրանցելով 1.5% անկում:

Share