Բաժին. Ֆինանսական

LEHMAN BROTHERS-Ի ԴԱՆԴԱՂ ՄԱՀԸ

Ամերիկյան ներդրումային Lehman Brothers բանկը, որը համարվում է 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «մեղավորներից մեկը», հայտարարել է սնանկացման գործընթացից դուրս գալու մասին: Բանկը պատրաստակամություն է հայտնել մարել իր բոլոր կուտակած պարտքերն ու կատարել վարկատուների հանդեպ ստանձնած պարտավորությունները: Այս մասին նշվում է Lehman Brothers-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Փորձագետների գնահատմամբ` բանկի կողմից մարման ենթակա պարտքերի ընդհանուր ծավալը կկազմի 450 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ Lehman Brothers բանկի բաժնետերերը, ինչպես շատ հաճախ լինում է բանկերի սնանկացման պարագայում, ոչինչ չեն ստանա` չնայած որ 2007 թվականին այս բանկի մեկ բաժնետոմսի գինը հասել էր ռեկորդային մակարդակի` կազմելով 86.18 դոլար:

Հիշեցնենք, որ Lehman Brothers Holdings Inc.-ն իրեն սնանկ ճանաչելու հայտ էր ներկայացրել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին: Այս փաստն այդ պահին վերջնականապես «ջախջախել էր» ներդրողների բոլոր հույսներն ու իր ետևից դեպի անկումը տարել ամերիկյան ողջ ֆինանսական համակարգը:

Ուշագրավ է, որ Lehman Brothers բանկի սննկացման գործընթացը ուսումնասիրող դատական վերլուծաբաններն իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել էին, որ բանկը երկար տարիներ շարունակ զբաղվել է փաստերի և տեղեկատվության կեղծմամբ` իրականացնելով փողերի անօրինական փոխանցումներ և կեղծ ֆինանսական այլ գործարքներ:

Միևնույն ժամանակ, անկախ աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Lehman Brothers բանկը ֆինանսական լուրջ խնդիրների է ունեցել դեռևս 2001 թվականից: Այդ խնդիրները շղթայական կերպով անընդմեջ ավելացել են, իսկ բանկի ղեկավարությունն իր «արդյունավետ» քաղաքականության շնորհիվ դրանք գաղտնի է պահել:

Նշենք, որ սնանկության մասին հայտարարելու պահից ի վեր` վերջին 3.5 տարվա ընթացքում, Lehman Brothers բանկի ակտիվները տնօրինել է Alvarez & Marsal ընկերության փորձագետներից կազմված խումբը: Հիմա, երբ արդեն բոլոր պարտքերը ենթակա են մարման, սպասվում է, որ բանկի տնօրենների խորհուրդը, որն ունի 7 անդամ, կմեկնարկի բանկի լուծարման գործընթացը:

Lehman Brothers-ն ԱՄՆ 4-րդ խոշորագույն ներդրումային բանկն էր: Սնանկացման գործընթացի մեկնարկի պահին բանկի ակտիվները գնահատվել էին 640 մլրդ ԱՄՆ դոլար:

Share