Բաժին. Ֆինանսական

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 13%-ՈՎ

2012 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացվել են 169.5 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 13%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` հաշվետու այս երկու ամիսների ընթացքում միայն Ռուսաստանից դեպի Հայաստան ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 137.0 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում` այս երկիրը` որպես տրանսֆերտների հիմնական աղբյուր, ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի առաջին երկու ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան են փոխանցվել 11.3 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Ուկրաինայից ստացվել են 2.3 մլն ԱՄՆ դոլարի, Ղազախստանից` 2.2 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ:

Հունվար-փետրվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով Գերմանիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 1.6 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից` 1.5 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ հաշվետու այս երկու ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով դեպի արտասահման իրականացված դրամային փոխանցումների ծավալը կազմել է 37.3 մլն ԱՄՆ դոլար:

Share