Բաժին. Ֆինանսական

AMX. Հայաստանի ֆոնդային բորսան մրցանակներ են հանձնվել արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին

Հունիսի 9-ին մայրաքաղաքի սրտում կայացավ ֆինանսական ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ AMX ամենամյա մրցանակաբաշխությունը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան կազմակերպել են մրցանակաբաշխություն՝ պարգևատրելով արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։ Ամփոփելով նախորդ՝ 2022 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 17 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում ծավալել են առավելապես ակտիվ գործունեություն շուկայում՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 2 անվանակարգերում էլ տրվեցին խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:

Մինչ մրցանակների պաշտոնական հանձմանը անցնելը, Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հյուրերին ներկայացրեց ընկերության 2022 թվականի գրանցած հաջողությունները, նոր նախագծերը, համեմատական անցկացրեց 2021-2022 թվականների պետական և կորպորատիվ պարտատոմսերի աճուրդների ցուցանիշների միջև: Անդրադարձ կատարվեց նաև AMXTrader առևտրային համակարգին, որը գործարկվել էր 2023-ի մարտ ամսին:  «Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ սա նախադեպը չունեցող ծրագիր է, չկա բորսա, որը հնարավորություն է տալիս վերջնական իրական ներդրողին ուղիղ կերպով հասանելիություն ունենալ դեպի իր բորսայական հարթակներ: Արդեն իսկ կան մի քանի երկրների բորսաներ, ովքեր ցանկանում են մեզնից այս ծրագրային լուծումը ձեռք բերել: AMXTrader & CDAOnline ծրագրերը արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել այնպիսի բորսաների և դեպոզիտարիաների մոտ, ինչպիսիք են SIX, Euroclear և Clearstream: Ի դեպ, Վարշավայի բորսայի 5 ամյա ստրատեգիայում մեր ծրագրերի արտահանումը առաջնահերթ տեղ է զբաղեցնում», – իր խոսքում նշեց Հայկ Եգանյանը:

Շուկայի մասնակիցներին մոտիվացնելու համար հայտարարվեց, որ մյուս տարի կլինի հատուկ մրցանակային անվանակարգ նրանց համար, ովքեր կներգրավվեն ամենաշատ հաճախորդներ՝ AMXTrader առևտրային համակարգում գործարքներ իրականացնելու նպատակով:

Անդրադառնալով մրցանակներին Հայկ Եգանյանը նշեց. «Ինչպես գիտեք, ամեն տարի մենք ունենում ենք մրցանակների նոր կատեգորիաներ: Օրինակ, նախորդ տարի Ակբա Բանկը ստացավ լավագույն նորարար անդամ դեպոզիտար ծառայությունները ավտոմատացված կարգով հաճախորդներին առաջարկելու համար: Այս տարի մենք ևս ավելացրել ենք նոր խրախուսական մրցանակներ, ինչպիսին օրինակ, մեր նոր նախագծերի ներդրման գործում առավելագույն ներդրում ունեցող գործընկերներ, և հույս ունենք, որ նման մեխանիզմը հետագա համագործակցության համար լավ մոտիվացիա կծառայի»:

 AMX AWARDS 2023-ի Հայաստանի ֆոնդային բորսայի մրցանակակիրներն են՝

  1. Լավագույն հաշվետու թողարկող կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ
  1. Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
  1. Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում`«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  1. Բորսայի լավագույն անդամ՝ ըստ ռեպո և սվոպ գործառնությունների`«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ   
  1. Լավագույն շուկա ստեղծող պետական պարտատոմսերի և կորպորատիվ արժեթղթերի շուկաներում` «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  1. Լավագույն հաշվետու թողարկող կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով` «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  1. Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգում լավագույն թողարկող-տեղաբաշխող`«ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ
  1. Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգում`«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
  1. Լավագույն գործընկեր՝ առևտրի մասնակից`Անի Նազարյան, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
  1. AMX Trader-ի թեստավորման գործընթացում ամենանշանակալի ներդրումն ունեցող գործընկերներ`Մանե Գաուդյան, Էդգար Աղաբեկյան «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ, Արուսյակ Ռուբենյան, «ՀԱՅ ԲԻԶՆԵՍ ԲԱՆԿ» ՓԲԸ, Արման Մլայան, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, Նվեր Համբարձումյան, «ՀԱՅԷԿՈՆՈՄ ԲԱՆԿ» ԲԲԸ:

 AMX AWARDS 2023-ի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակակիրներն են՝

  1. Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-ռեեստրավար`«ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ
  1. Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում`«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ
  1. Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում`«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  1. Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ`«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
  1. Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցային անդամ`«ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ
  1. Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից` Սեդրակ Վասիլյան, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ        
  1. Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ` «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
  1. Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի զարգացման գործընթացում առավելագույն ներդրում կատարած անդամ` CLEARSTREAM BANKING S.A.
  1. Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար մրցանակ` Մարինե Բալայան, «ՀԱՅ ԲԻԶՆԵՍ ԲԱՆԿ» ՓԲԸ, Անահիտ Բադալյան, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ:

Այս տարի առաջին անգամ էր դեպոզիտարիայի կողմից մրցանակ հանձնվում օտարերկրյա գործընկերոջ: Հուսով ենք սա նոր խթան կլինի Cleartstream Banking S.A.-ի հետ հետագա նոր նախագծերի ներդրման համար: Cleartstream Banking S.A.-ի հետ համագործակցությունը սկիզբ է առել դեռ 2014 թվականին ու արդյունավետ շարունակվում է մինչ օրս:

AMX-ը կարևորում է արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցների խրախուսումը և առողջ մրցակցության ապահովումը։ Հաշվի առնելով շուկայում տեղի ունեցող դրական փոփոխությունները՝ հաջորդ տարիներին անվանակարգերի թիվը կավելանա։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Share