Բաժին. Ֆինանսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 10%-ՈՎ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացվել են 277.2 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 10%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` հաշվետու այս երեք ամիսների ընթացքում միայն Ռուսաստանից դեպի Հայաստան ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների ընդհանուր ծավալն աճել է շուրջ 15%-ով և կազմել 224.6 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանը` որպես մեր երկրի համար տրանսֆերտների հիմնական աղբյուր, ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան են փոխանցվել 18.5 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Ուկրաինայից ստացվել են 3.8 մլն ԱՄՆ դոլարի, Ղազախստանից` 3.7 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումներն աճել են շուրջ 3%-ով, մինդեռ Ուկրանիայից և Ղասախստանից  ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումները նվազել են համապատասխանաբար 1%-ով և 11%-ով:

Նշենք նաև, որ այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով Գերմանիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 2.52 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից` 2.53 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 1.5 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 0.8 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 0.4 մլն ԱՄՆ դոլար:

Հունվար-մարտին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով դեպի արտասահման իրականացված դրամային փոխանցումների ծավալը կազմել է 60.8 մլն ԱՄՆ դոլար:

Share