Ֆինանսական

ԱՄՆ դոլարը, դոլարի գույնն ու հայը. դոլարի ու գյուտի մասին

1785-ի այս օրը դոլարը դարձավ ԱՄՆ պետական արժույթը: Ի դեպ, ԱՄՆ-ից դուրս շրջանառվում է ավելի շատ դոլար, քան ԱՄՆ-ի ներսում:

Դոլարը, սակայն, միայն ամերիկյան դրամական միավորը չէ: Այն օգտագործվում է գրեթե ամենուրեք և պետական արժույթ է մի քանի տասնյակ երկրներում:

Ամենամեծ դոլարային միավորը 100 հազարանոց թղթադրամն է եղել: Այն օգտագործվում էր բանկերի և ԱՄՆ Գանձապետարանի միջև գործարքների համար միայն:

1864-ին առաջին անգամ դոլարի վրա հայտվեց «In God We Trust» գրությունը: Հարյուր տարի անց ԱՄՆ Սահմանադրությամբ բոլոր թղթադրամների և մետաղադրամների վրա «In God We Trust»-ի առկայությունը դարձավ պարտադիր։

Եթե դուք 10 դոլար ունեք և չունեք պարտքեր, ապա հարուստ եք ամերիկացիների 25%-ից։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի տպագրման և փորագրման բյուրոն ամեն օր տպում է գրեթե 696 միլիոն դոլար: Այդքան թղթադրամներ արտադրելու համար ամեն օր պահանջվում է 18 տոննա թանաք: Ներկերի բաղադրությունը և թուղթն անփոփոխ են մնացել Քաղաքացիական պատերազմի ժամանակներից ի վեր: Նոր տպած թղթադրամների 95%-ը փոխարինում են հին անպետք թղթադրամները:

Ի դեպ, դոլարային թղթադրամները բավականին դիմացկուն ու երկարակյաց են: Բայց այդքանով հանդերձ յուրաքանչյուրն իր պիտանելության ժամկետն ունի: Օրինակ, 1 դոլարը ծառայում է 22 ամիս, 5 դոլարը՝ 24 ամիս, 10 դոլարը՝ 18 ամիս, 20 դոլարը՝ 25 ամիս, 50 դոլարը՝ 55 ամիս, իսկ 100 դոլարանոց թղթադրամը շրջանառության մեջ կարող է գտնվել շուրջ 5 տարի:

Հետաքրքիր է նաև դոլարի բաղադրությունը: Այն 20%-ով վուշի թելից է և 75%-ով՝ բամբակից: Իսկ դոլարի գույնն ինչպես է ստեղծվել, դա լրիվ այլ պատմություն է: Այստեղ, իհարկե, հայերն անմասն մնալ չէին կարող:

Խաչատուր Սերոբյանը (Քրիստափոր Տեր-Սերոբյան) 1842թ-ին մեկնել է ԱՍՆ` Եյլի համալսարանում քիմիա, բժշկություն և աստվածաբանություն սովորելու: Հենց առաջին տարում նա բազմաթիվ քիմիական փորձարկումներից հետո ստանում է ներկի յուրահատուկ բաղադրություն, որն անհնար էր կեղծել: Գյուտն արտոնագրում է 1854-ին, սակայն անվտանգության նկատառումներով արտոնագրի մասին ողջ տեղեկատվությունը մինչ օրս պահվում է հույժ գաղտնի:

Այսպիսով, նա առաջին հայն է, ում տրվել է ԱՄՆ արտոնագիր: Իր հայտնագործության համար Տեր-Սերոբյանն արժանանում է ԱՄՆ կառավարության շքանշանի, ինչպես նաև իր իսկ կողմից հայտնագործած ներկերով տպված նոր տեսակի 6000 ԱՄՆ դոլար պարգևավճարի: Ստացած գումարով նա շարունակում է ուսումը Եյլի համալսարանում և ստանում դեղագործի մասնագիտություն:

Այնպես որ, դոլարի գույնը հայկական եզակի գյուտ է, որը մինչ օրս կիրառության մեջ է:

Share