Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. ՔԱՐՏԵՐՈՎ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 54%-ՈՎ

2012 թվականի առաջին եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 3.9 մլն գործառնություն` 180 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ցուցանիշները նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել են համապատասխանաբար 34%-ով և 23%-ով:  Այս մասին հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու երեք ամիսներին քարտերով իրականացված միայն անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 17.9  մլրդ դրամ: Ընդ որում, նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված  գործառնությունների ծավալը կազմել է 4.3 մլրդ դրամ, այդ թվում՝ էլեկտրոնային առևտուր՝ 1.1 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ՝ 3.2 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 54%-ով և կազմել է քարտային գործառնությունների 10%-ը:  

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ  գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1052847, որը 2011 թվական վերջի համեմատությամբ ավելացել է 8%-ով:

Share