Բաժին. Ֆինանսական

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ապրիլին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացվել են 110.7 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Արդյունքում, հունվար-ապրիլին Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 388.0 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 8.6%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Ռուսաստանից՝  մեր երկրի համար տրանսֆերտների հիմնական աղբյուր համավող երկրից մեր հայրենակիցների օգտին ոչ առևտրային նպատակով իրականացված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալն աճել է շուրջ 12%-ով և կազմել 316.7 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանն ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան են փոխանցվել 24.8 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Ուկրաինայից ստացվել են 5.0 մլն ԱՄՆ դոլարի, Ղազախստանից` 5.3 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումներն աճել են  9%-ով, մինդեռ Ուկրանիայից և Ղասախստանից  ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումները նվազել են շուրջ 20%-ով:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով Գերմանիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 3.3 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից` 3.3 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 2.0 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 1.8 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 0.5 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝  0.3 մլն ԱՄՆ դոլար:

Share