Բաժին. Ֆինանսական

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 11 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

ԸՆթացիկ  տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով  ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 505.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծախսերը` 516.7 մլրդ ՀՀ դրամ, որոնք համապատասխանաբար 76.6%-ով և 72.4%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Այս մասին տեղեկացում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2012 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 23.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Այսպես, պետական բյուջեի եկամուտների 94.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.3%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվար-հուլիս ամիսների ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.9%-ով կամ 23.9 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:

Արդյունքում, 2012 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 11.1 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 53.4 մլրդ դրամի դիմաց: Պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -19.4 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 30.4 մլրդ դրամ:

Նշենք, որ պակասուրդի ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով:

Share