Բաժին. Ֆինանսական

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով՝ մինչև 9.5%. Կենտրոնական բանկ

2023 թ. հոկտեմբերի 31-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:

2023 թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 0.1%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և սեպտեմբերի վերջին կազմել է -0.1%:

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում դիտվում է ներքին պահանջարկի որոշակի արագացում: Միաժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային  տնտեսական աճի հետ կապված անորոշություններն ու միջազգային ապրանքահումքային շուկաներում տատանողականությունն ավելացել են: Գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում: Այս պայմաններում, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունները կպահպանվեն:

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Դրան զուգահեռ տնտեսությունում շարունակում է ընդլայնվել ներքին պահանջարկը: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի դանդաղմամբ:

Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Share