Բաժին. Ֆինանսական

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՏԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Հայաստան հոսած մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 1.022 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածի համեմատությամբ ոչ առևտրային նպատակներով մեր երկրի քաղաքացիների ստացած դրամական միջոցներն աճել են 8.3%-ով:

Ըստ ձևավորված ավանդույթի, տրանսֆերտների մեծ մասը եկել է Ռուսաստանից. հունվար-օգոստոսին այս երկրից դեպի Հայաստան փոխանցված դրամական միջոցներն աճել են 11.6%-ով և կազմել 871.1 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանն ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը:

Ինչպես տեղեկացնոււմ են ՀՀ կենտրոնական բանկից` հաշվետու ութ ամիսներին  ոչ առևտրային նպատակներով ԱՄՆ-ից ստացված դրամական փոխանցումները կազմել են 44.4 մլն ԱՄՆ դոլար: Ուկրաինայից ստացվել են 12.0 մլն ԱՄՆ դոլարի, Ղազախստանից` 13.4 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են  4.5%-ով: Ուկրաինայից դրամական փոխանցումները ևվս կրճատվել են` շուրջ 30%-ով: Ղազախստանից դեպի Հայաստան իրականացված ոչ առևտրային նպատակներով դրամական փոխանցումներն աճել են 4%-ով:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է  7.0 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից` 6.6 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 4.4 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 4.1 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝  2.5 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 1.0 մլն ԱՄՆ դոլար:

Share