Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.75%

2024 թ. հունվարի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%:

2023 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով -0.4%:

2023 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել: Միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է և համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է: Այնուամենայնիվ, գործընկեր երկրներում աշխատաշուկայի դրական զարգացումները շարունակում են նպաստել պահանջարկի ընդլայնմանը: 2024 թ-ի սկզբին, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների սրմամբ պայմանավորված` արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ և ձևավորվել են առաջարկի արժեշղթաների խաթարման ռիսկեր: Նման իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում աստիճանաբար կթուլացնեն զսպող դրամավարկային պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:

Չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել է նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Արտաքին պահանջարկը որոշակիորեն դանդաղել է զբոսաշրջության աճի տեմպի նվազման հաշվին: Միաժամանակ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ հիմնականում արտահայտվելով մասնավոր սպառման բարձր աճով: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և նախորդ տարիներին իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր: Վերջինս շարունակում է արտահայտվել նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:

Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Share