Բաժին. Ֆինանսական

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 10%-ՈՎ

Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին մեր երկիր են հոսել 1,367 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով մասնավոր տրանսֆերտներ: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի համեմատությամբ արտրկրից ոչ առևտրային նպատակներով մեր երկրի քաղաքացիների ստացած դրամական միջոցներն աճել են 10%-ով:

Ինչպես և սպասելի է` տրանսֆերտների մեծ մասը եկել է Ռուսաստանից. հունվար-հոկտեմբերին այս երկրից դեպի Հայաստան փոխանցված դրամական միջոցները կազմել են 1.172 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանն ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը:

Ինչպես տեղեկացնոււմ են ՀՀ կենտրոնական բանկից` հաշվետու 10 ամիսներին  ոչ առևտրային նպատակներով ԱՄՆ-ից ստացված դրամական փոխանցումները կազմել են 55,2 մլն ԱՄՆ դոլար: Ուկրաինայից ստացվել են 15,7 մլն ԱՄՆ դոլարի, Ղազախստանից` 17,6 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ից և Ուկրաինայից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են: Ղազախստանից դեպի Հայաստան իրականացված ոչ առևտրային նպատակներով դրամական փոխանցումներն աճել են:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է  9,3 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից` 9,5 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 6,7 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 5,2 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝  2,7 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 1,3 մլն ԱՄՆ դոլար:

Share