Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԵՐԿԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

2012 թվականի  երրորդ եռամսյակի վերջի դրությամբ արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները կազմել  են 1 մլրդ 61.3 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 մլրդ 41.6 մլն դոլարի փոխարեն:

ՀՀ կնետրոնական բանկի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 700.1 մլն դոլար վարկային միջոցներ և նախկինում ձեռքբերված վարկերի դիմաց կատարել են 662.7 մլն դոլար հիմնական գումարի մարումներ: Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 22.8%-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ վարկային մուտքերի 40.2%-ը ստացվել է Ռուսաստանից, իսկ 27.9%-ը` միջազգային կազմակերպություններից, 14.8%-ը`  Մեծ Բրիտանիայից 12.7%-ը` Լյուքսեմբուրգից:

Արդյունքում, հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներ են ճանաչվել Ռուսաստանը` 21.5%, Լյուքսեմբուրգը` 8.8%, Նիդեռլանդները` 6.0%:  Վարկերի մոտ 33.1%-ը բաժին է ընկնում միջազգային կազմակերպություններին:

2012 թվականի երրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ նվազել է և կազմել 5.9%: Արտաքին վարկերի 45.0%-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 5.0 տարի է:

Նշենք նաև, որ կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը նվազել է և կազմել ներգրավված վարկերի 7.7%-ը:

Share