Բաժին. Ֆինանսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 83 ՄԼՆ ԴՈԼԱՐ

2013 թվականի հունվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով մեր երկրի քաղաքացիներին ոչ առևտրային նպատակներով արտերկրից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 83,2 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես և սպասվում էր՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանին: Հաշվետու ամսում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 65,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմել է այս մեկ ամսվա ընթացքում Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 78%-ը:  

Ինչպես տեղեկացնոււմ են ՀՀ կենտրոնական բանկից` հունվարին մեր երկրի քաղաքացիները ոչ առևտրային նպատակներով ԱՄՆ-ից ստացել են 4,6 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, Ղազախստանից ստացվել են 1,4 մլն ԱՄՆ դոլարի, Ուկրաինայից` 1,0 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Մյուս երկրներից ստացված տրանսֆերտները չեն գերազանցել 1 մլն ԱՄՆ դոլարը:

Հիշեցնենք, որ 2012 թվականին մեր երկրի քաղաքացիները ոչ առևտրային նպատակներով արտերկրից ստացել էին 1,687 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դրամական միջոցներ: 2011 թվականի համեմատ տրանսֆերտներն աճել էին 9%-ով:

Share