Բաժին. Ֆինանսական

50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը

Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) աջակցելու, տնտեսական աճը խթանելու համար։

Միջոցների առնվազն 50%-ը կտրամադրվի կանանց  կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ ստեղծելով հատուկ հնարավորություններ վերջիններիս զարգացման համար։

«Առաջին անգամն է, որ ԶՖԿ-ն պայմանագիր է կնքում հայաստանյան կազմակերպության, մասնավորապես Ակբա բանկի հետ։ Ստացված ռեսուրսներն ուղղելու ենք մեր երկրի միկրո, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Հատուկ շեշտվելու է կանանց դերը այդ բիզնեսներում և ներգրավված միջոցների էական մասն ուղղվելու է կանանց ղեկավարությամբ իրականացվող բիզնեսների զարգացմանը։ Այս համագործակցությամբ մենք նպաստելու ենք ամբողջ Հայաստանում բիզնեսի շարունակական զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Այսօր նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կարևոր գործակցությունը: Ակբա բանկի հետ գործակցությունը  մեր ընդհանուր արժեքների և Հայաստանում տնտեսական աճը խթանելու մասին է: Փոքր բիզնեսն ազատ շուկայի շարժիչ ուժն է, այն ստեղծում է աշխատատեղեր և հնարավորություններ  համայնքների համար։ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան օգտագործում է իր գործիքները և լիազորությունները՝ ապահովելու ֆինանսավորման այնպիսի հասանելիություն, որը կօգնի զարգացնել հայկական բիզնեսները և առաջ մղել Հայաստանի տնտեսությունը»,- նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։

«Սա ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի կողմից արված երբևէ ամենամեծ ներդրումն է Հայաստանում, որը ստանում է Ակբա բանկը: Կարծում եմ, սա կարևոր քայլ է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության ընդլայնման համար: Այն հնարավորություն կտա տեղական բիզնեսներին աճել, իրականացնել նորարարություններ և նոր աշխատատեղեր ստեղծել»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«Ակբա բանկը մեր բանկային համակարգի առաջատարներից մեկն է և երկար տարիներ ցուցաբերում է կայուն ֆինանսական ցուցանիշներ։ Բանկը ներդրել է լավագույն ստանդարտները հատկապես կորպորատիվ կառավարման ոլորտում և երկար տարիներ գտնվել է հայ գործարարների, գյուղատնտեսական ոլորտի և ՓՄՁ ոլորտի կողքին։ Ակբա բանկի փորձառու մասնագետները դարձել են այդ գործարար շրջանակի գործընկերներն ու խորհրդատուները, մեր գործարարների կողքին են իրենց նախաձեռնությունների սկզբից մինչև հաջող ավարտը»,- նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Share