Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ «ԳԵՐԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ» ԵՆ ՌԻՍԿԵՐԻՑ

Հայաստանյան բանկերը բավականին կայուն են և կարող են դիմակայել տարբեր ռիսկերի: Անգամ գազի և էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը, որն, անշուշտ, ուղղակիորեն կազդի բանկերի հաճախորդների վճարունակության և վարկունակության վրա, ֆինանսական կայունության տեսանկյունից կունենա գրեթե չեզոք ազդեցություն: Նման կարծիք է հայտնել Հայաստանի կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ հայաստանյան բանկերը բավականին լավ կապիտալացված են, ավելի քան իրացվելի և ունակ են կլանել հնարավոր ռիսկերը:

Կենտրոնական բանկի ներկայացուցչի խոսքով` հայաստանյան բանկերը պարբերաբար անցնում են սթրես-թեստեր, որոնց անգամ խիստ և ամենավատատեսական սցենարների դեպքում մեր երկրի բանկային համակարգում լուրջ խնդիրներ չեն սպասվում:

Նշվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի ֆինանսական համակարգը ստացել է բավականին լավ գնահատական. 2012 թվականի արդյունքներով մեր երկրի ֆինանսական համակարգն ավելի քան 90%-ով բավարարել և համապատասխանել է բոլոր միջազգային ստանդարտներին:

Ըստ ներկայացված տվյալների` վերջին 5 տարվա ընթացքում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է տարեկան միջինը 30%-ով: Չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը տատանվում է մինչև 5%-ի սահմանում:

Share