Բաժին. Ֆինանսական

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ

Այս տարվա առաջին հինգ ամսում մեր երկրի քաղաքացիներն արտերկրի իրենց հարազարտներից ստացել են 577,3 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայաստանյան բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով արտերկրից փոխանցված դրամական միջոցներն աճել են ավելի քան 11%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին աճել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից և Թուրքիայից Հայաստան փոխանցված տրանսֆերտները: Միևնույն ժամանակ, կրճատվել են Ոիկրաինայից, Ղազախստանից և Իսպանիայից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված դրամական միջոցների ծավալները: Արդյունքում, այս 10 երկիրն ապահովել է Հայաստան փոխանցված տրանսֆերտների 93,5%-ը:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանին: Հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 475,1 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմել է հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը: ԱՄՆ-ից ստացվել են 30,5 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  8,7 մլն ԱՄՆ դոլար:

Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 6,5 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 5,5 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 5,2 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 4,4 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝  2,3 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝  813 հազար ԱՄՆ դոլար, Չինաստանից՝  624 հազար ԱՄՆ դոլար:

Share