Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8.5%

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 8.5%:  

Նշենք, որ 2013թ. օգոստոսին արձանագրվել էր 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 0.4% գնանկման դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 9.3%:

ԿԲ Խորհուրդը կարծում է, որ մոտակա ամիսներին գնաճը նվազելու է՝ մոտենալով գնաճի կանխատեսվող հետագծին: Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը՝ խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանների պահպանումը թույլ կտա հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը: Միևնույն ժամանակ, գնաճի աստիճանական նվազման և ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:

Խորհուրդը նաև արձանագրել է, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս պարագայում, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի թուլացմամբ՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Ի լրումն դրան, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա:

Խորհուրդը համակարծիք է, որ կարճաժամկետ հատվածում գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Share