Բաժին. Ֆինանսական

Հունվար-սեպտեմբերին տրանսֆերտներն աճել են մոտ 11%-ով

Այս տարվա առաջին ինն ամսում մեր երկրի քաղաքացիները արտերկրում գտնվող իրենց հարազատներից բանկերի միջոցով ստացել են 1 մլրդ 318,2 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 11%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստան փոխանցված տրանսֆերտների շուրջ 95%-ը բաժին է ընկել 10 երկրի՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Ղազախստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄԷ, Իսպանիա, Թուրքիա, Չինաստան:

Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Թուրքիայից Հայաստանի բանկային համակարգի միջոցով մեր քաղաքացիներին ոչ առևտրային նպատակներով փոխանցված դրամական միջոցները:

Միևնույն ժամանակ, կրճատվել են Ուկրաինայից, Իսպանիայից, ԱՄԷ-ից և Չինաստանից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված դրամական միջոցների ծավալները:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանին: Հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 128,7 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ից ստացվել են 58,5 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  16,2 մլն ԱՄՆ դոլար:

Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 12,5 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 10,6 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 10,4 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 6,2 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝  4,6 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 1,4 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝ 1,0 մլն ԱՄՆ դոլար:

Share