Բաժին. Ֆինանսական

Կենտրանական բանկ. վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.25 տոկոս

2014 թ. մայիսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%:

2014 թ. ապրիլին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.4%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կնվազի և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում՝ պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում դեռևս պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:

Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. անցած ժամանակահատվածում շարունակվել են տնտեսական ցածր աճի միտումները՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման դանդաղ տեմպերով և արդյունաբերության ճյուղի ներկա զարգացումներով: Չնայած մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը և 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը, այնուամենայնիվ, դա բավարար չէ՝ չեզոքացնելու 12-ամսյա գնաճի՝ իր նպատակային մակարդակից առաջացած շեղումը: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ արդյունքում միջնաժամկետ հատվածում նպաստավոր պայմաններ ստեղծելով տնտեսության աշխուժացման և նպատակային գնաճի ձեռքբերման համար:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մայիսի 23-ին հրապարակվելիք «Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում)»:

Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.75%  և 5.75%:

Share