Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Հայաստանում սպառողների վստահության ցուցանիշը կազմել է 40.8

Հհ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 40.8: Ընթացիկ պայմանների ցուցանիշը կազմել է 31.5` շուրջ 2 տոկոսային կետով զիջելով նախորդ եռամսյակի արժեքին: Ընդ որում, համամասնորեն նվազել են ընթացիկ պայմանները նկարագրող երեք ցուցանիշներն էլ (խոշոր գնումներ կատարելու փաստի, տնային տնտեսության ֆինանսական վիճակի փոփոխության, ընդհանուր տնտեսության վիճակի գնահատականների):

Ապագա պայմանների ցուցանիշն արդեն երեք եռամսյակ կայուն միտում է ցուցաբերում` նախորդ եռամսյակի համեմատ գրանցելով անփոփոխ մակարդակ` 50 արժեք: Ապագա պայմանները նկարագրող առանձին ցուցանիշներ տարբեր դրսևորումներ են ցուցաբերել. խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի ցուցանիշը նախորդ եռամսյակի նվազումից հետո աճել և վերադարձել է 2013թ. երրորդ եռամսյակի մակարդակին` 54.1, իսկ տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի և զբաղվածության փոփոխության սպասումները նվազման միտում են ցուցաբերել` մնալով կայունության միջակայքում:

Share