Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00%

2014 թ. հունիսի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00%:

2014 թ. մայիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա անփոփոխ գների մակարդակի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մայիսի վերջին կազմել է 3.6%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի մեղմվել՝ հիմնականում պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ, և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ներքև:

Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ դեռևս չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. առաջին կեսի արդյունքներով տնտեսական աճը գտնվում է ակնկալվածի շրջանակներում: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի համեմատաբար պասիվությունն ու շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերը փոխհատուցվել են գյուղատնտեսության և ծառայությունների՝ սպասվածից ավելի բարձր աճով: 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը և մինչ օրս ԿԲ կողմից դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը կարճաժամկետում կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Share