Բաժին. Ֆինանսական

Որո՞նք են աշխարհի ամենահին 10 բանկերը

1. Monte dei Paschi di Siena Իտալիա, 1472 թ.

Monte dei Paschi di Siena բանկը հիմնադրվել է 1472թ.-ին, Սիենական Հանրապետության կողմից: Բանկի հիմնադրման նպատակը եղել է աղքատ քաղաքացիներին ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը: Այժմ ևս Monte dei Paschi di Siena բանկը անչափ հաջողակ և խոշոր կառույց է, այն ունի ավելի քան 2000 մասնաճյուղ և բաժանմունք ու 4.5 մլն հաճախորդ: Հետաքրքիր է, որ բանկը պատկանում է Սիենա քաղաքի քաղաքացիներին, որոնք այն ղեկավարում են հատուկ հիմնադրամի միջոցով, որի ղեկավար կազմում կարող են հայտնվել միայն Սիենայի հարգված և արժանի քաղաքացիները:

2. Berenberg Bank Գերմանիա, 1590 թ.

Berenberg Bank-ը հիմնադրվել է 1590թ.-ին՝ Հանս և Պաուլ Բերենբերգ եղբայրների կողմից: Ավելի ուշ բանկին միացել է Ջոն Գոսլերը, ինչի մասին վկայում է նաև բանկի լոգոն, որի վրա պատկերված են Բերենբերգների և Գոսլերների ընտանեկան զինանշանները՝ արջ և սագի ոտք: Սկզբնական շրջանում Բերենբերգը զբաղվում էր առևտրով, մասնավորապես կտորների արտահանմամբ և ներկրմամբ, իսկ 17-րդ դարից սկսած այն վերածվում է բանկի և հիմնականում զբաղվում զանազան ներդրումներով:

3. Stadsbank van Lening Նիդերլանդներ, 1614 թ.

Stadsbank van Lening վարկային բանկը հիմնադրվել է 1614թ.-ին Ամստերդամում: Այժմ բանկն ունի 6 բաժանմունք, երկու խանութ և մեկ աճուրդի տուն: Բանկում հնարավոր է գրավ դնել ոսկյա, արծաթե և ադամանդակուռ թանկարժեք զարդեր, և ինչու ոչ՝ հեծանիվներ, էլեկտրոնային սարքավորումներ կամ երաժշտական գործիքներ: Վարկերը տրամադրվում են 6 ամսով, դրանց չմարելու դեպքում գրավադրված գույքը վաճառվում է աճուրդի տան միջոցով:

4. Sveriges Riksbank Շվեդիա, 1668 թ.

Riksbank բանկը համարվում է աշխարհի ամենահին կենտրոնական բանկը, այն հիմնադրվել է 1668թ.-ին, բանկը հիմնադրվել է սննկացած Ստոկհոլմ Բանկոյի հիման վրա, որը սննկացել էր առանց գրավադրման մեծ ծավալների վարկերի տրամադրման պատճառով, որպեսզի նոր բանկը չկրկներ նախկինի սխալները, այն գտնվում էր շվեդական կառավարական խավի հսկողության ներքո:

5. C. Hoare & Co Մեծ Բրիտանիա, 1672 թ.

C. Hoare & Co մասնավոր բանկը Մեծ Բրիտանիայի ամենահին բանկն է, այն հիմնադրվել է 1672թ.-ին Սըր Richard Hoare-ի կողմից: Հետաքրքիր է, որ բանկը մինչ այժմ Հոար ընտանիքի սեփականությունն է, և ղեկավարվում է հիմնադիրի ժառանգներից մեկի կողմից: Բանկի հիմնադիրը ճանաչված ոսկերիչ էր, և ժամանակի ընթացքում աշխատած գումարներով սկսեց վարկեր տրամադրել, ինչն էլ բանկի ստեղծման հիմք հանդիսացավ:

6. Metzler Bank Գերմանիա, 1674 թ.

Metzler Bank-ը մասնավոր բանկ է, որը գտնվում է  Ֆրանկֆուրտում: Այն Գերմանիայի երկրորդ ամենահին բանկն է: Բանկը հիմնադրվել է 1674թ.-ին, և մինչև օրս ամբողջովին պատկանում է հիմնադիրների ընտանիքին: 1742թ.-ին Բենջամին Մետցերն ընտրվել է Ֆրանֆուրտի բորսայի տնօրենների խորհրդի անդամ, և մինչ այժմ Մետցերների ընտանիքը ներկայացված է Ֆրանկֆուրտի բորսայի տնօրենների խորհրդում:

7. Barclays Անգլիա, 1690 թ.

Barclays՝ աշխարհում հայտնի բրիտանական ամենախոշոր բանկերից մեկը, որը հիմնադրվել է 1690թ.-ին: Այժմ բանկը աշխարհի ամենախոշոր 50 բանկերի ցուցակում է:

8. Coutts Անգլիա 1692 թ.

Coutts բանկը մասնավոր բանկ է, որը հիմնադրվել է 1692թ.-ին և ամբողջովին պատկանում է Royal Bank of Scotland-ին: Հիմնադրման պահին Coutts-ը փոքր խանութ էր, որի հիմնադիրը ոսկերիչ և բանկիր Ջոն Քեմփբելն էր: 1755թ.-ին Քեմբելի թոռնուհին ամուսնացավ առևտրական Ջեյմս Քոթսի հետ և բանկը վերանվանվեց Campbell & Coutts: 

9. Bank of England Անգլիա, 1694 թ.

Bank of England-ը ստեղծվել է 1694թ.-ին և անգլիական կառավարության գլխավոր դրամատունն է, այն ազգայնացվել է 1946թ.-ին:

10. Bank of Scotland Շոտլանդիա, 1695 թ.

Bank of Scotland-ը ստեղծվել է Շոտլանդիայի խորհրդարանի կողմից 1695թ.-ին: Բանկի ստեղծման նպատակը ձեռնարկատիրության խթանումն էր: Ստեղծման պահին բանկին 21 տարով տրվում է մենաշնորհ:

Share