Բաժին. Ֆինանսական

Ի՞նչ կատարվեց արտարժույթի շուկայում

Նոյեմբերի 24-ին հայաստանյան արտարժույթի շուկայում գրանցվեց ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ աճ: ԱՄՆ դոլարի վաճառքի գինը բանկերում հասավ 435 դրամի՝ նախորդ առևտրային օրվա նկատմամբ թանկանալով ավելի քան 16 դրամով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքի նման դրսևորումը, ընդհանուր առմամբ, պահանջարկի կտրուկ բարձրացման արդյունք է՝ պայմանավորված նախ և առաջ Ռուսաստանի տնտեսությունում տիրող անորոշությամբ և ռուբլու արժեզրկմամբ, ինչպես նաև նավթի համաշխարհային գների անկմամբ և համաշխարհային ֆինանսական շուկաներում մյուս արժույթների նկատմամբ ԱՄՆ դոլարի կայունացմամբ:

Որոշ վերլուծաբանների պնդում են, որ նոյեմբերի 24-ին գրացված՝ ԱՄՆ դոլարի կտրուկ աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կենտրոնական բանկը «որոշել է» այլևս չվերահսկել արտարժույթի շուկան և «չճնշել» ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը՝ ավելացող պահանջարկի պայմաններում: Երկար ժամանակ «դոլարային ներարկումներ» իրականացնելուց և ԱՄՆ դոլարի փոխարժեքը 415 դրամի միջագայքում պահելուց հետո, ԿԲ-ն արդեն հասել է արտաքին պահուստների օգտագործման սահմանին և չի կարող իրեն «թույլ տալ» ԱՄՆ դոլարի նոր խմբաքանակ «բաց թողնել» շուկա՝ ԱՄՆ դոլարի աճը զսպելու նպատակով: Սրանով և պայմանավորված՝  ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասավ 435 դրամի:

Նշենք, որ այսօր հանդես գալով պաշտոնական մեկնաբանմամբ՝ ԿԲ-ն նշել էր, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով: Կենտրոնական բանկը, խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը գտնվում է կայունացման տիրույթում և կարող է նպաստել արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:

Share