Բաժին. Ֆինանսական

Դոլարի փոխարժեքը կաճի, բայց 1 դոլարի դիմաց 500 դրամի չի հասի

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հայաստանյան արտարժույթի շուկայում կրկին գրանցվել են զգալի տատանումներ. ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 1 դոլարի դիմաց մինչև 470 ՀՀ դրամի: Առևտրային օրվա ավարտին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 442.33 ՀՀ դրամ` նախորդ առևտրային օրվա համեմատ աճելով 7.07 ՀՀ դրամով:

Հիշեցնենք, որ հայկական դրամի կտրուկ արժեզրկումը սկսվել է նոյեմբերի 24-ից: Այդ օր բանկերում  ԱՄՆ դոլարի վաճառքի գինը հասել էր 435 ՀՀ դրամի՝ նախորդ առևտրային օրվա նկատմամբ թանկանալով ավելի քան 16 ՀՀ դրամով:

Ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք փորձագետներ տարբեր լրատվամիջոցների ներկայացրել են իրենց գնահատականները: Դրանց համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի հասի 500 դրամի: Սպասվում է, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտատանվի 450-460 ՀՀ դրամի սահմաններում, ընդ որում՝ տատանումներն առավելապես պայմանավորված կլինեն Ռուսաստանի արժութային շուկայի զարգացումներով:

Նշենք, որ այսօր ԿԲ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ արտարժույթի շուկայի տատանումները կրում են կարճաժամկետ բնույթ, և ԿԲ-ն հաստատում է կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով:

Տեղեկացնենք նաև, որ վերջին 20 տարվա կտրվածքով մեր երկրում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է 2003 թվականին՝ 578.77, իսկ առավել ցածր ցուցանիշ՝ 1994 թվականին ( 297.74):

1994-2003 թվականներն ընկած ժամանակահատվածում դրամ/դոլար հրաբերակցությունը գրանցել է հետևյալ միտումները. 1994 թվականից 2003 թվականն ընկած տարիներին ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին տարեկան փոխարժեքն աընդմեջ աճել է, 2004-2008 թվականներին գրանցվել է դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի անկում: 2008 թվականին այն կազմել է 305.97: Հետագա տարիներին, 2008-2013 թվականների ընթացքում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքը գրանցել է աճի միտում: 2013 թվականին ՀՀ դրամի նկատմամբ դոլարի միջին տարեկան փոխարժեքը կազմել է 409.63:

Share