Բաժին. Ֆինանսական

Կարեն Ճշմարիտյան. «Հայկական դրամի արժեզրկումն արհեստական չէ»

Հայկական դրամի արժեզրկումն արհեստական չէ, այն տնտեսական գործընթաց է: Նման կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝  վստահություն հայտնելով, որ Կենտրոնական բանկը տիրապետում է ողջ համակարգին և ի վիճակի է իր գործիքակազմով նպաստել արտարժույթի շուկայի կայունացմանը: Լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նախարարը նշել է, որ ՀՀ դրամի արժեզրկումը գլոբալ միտումների արդյունք է, և Կենտրոնական բանկն ու կառավարությունը հետամուտ են լինելու, որ Նոր տարուց հետո, երբ Կենտրոնական բանկը դադարեցնի ներարկումները, կտրուկ տատանումների չլինեն:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով, եթե Հայաստանը երկու անգամ ավելի արտահանման ծավալ ունենար, ապա Հայաստանի վրա ազդեցությունն ավելի քիչ կլիներ: Կարեն Ճշմարիտյանը նշել է նաև, որ ըստ երկրների՝ արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացման ընթացքն, այնուամենայնիվ, դրական է:

Նշենք, որ չնայած Կենտրոնական բանկը օրական իրականացնում է 6 մլն դոլարի ներարկումներ, ՀՀ դրամը դեռևս շարունակում է արժերկվել:

Հիշեցնենք, որ հայկական դրամի կտրուկ արժեզրկումը սկսվել է նոյեմբերի 24-ից: Այդ օր բանկերում ԱՄՆ դոլարի վաճառքի գինը հասել էր 435 ՀՀ դրամի՝ նախորդ առևտրային օրվա նկատմամբ թանկանալով ավելի քան 16 ՀՀ դրամով:

Ստեղծված իրավիճակի հետ կապված մի շարք փորձագետներ տարբեր լրատվամիջոցների ներկայացրել էին իրենց գնահատականները: Դրանց համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի հասի 500 դրամի: Սպասվում է, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտատանվի 450-460 ՀՀ դրամի սահմաններում, ընդ որում՝ տատանումներն առավելապես պայմանավորված կլինեն Ռուսաստանի արժութային շուկայի զարգացումներով:

Նշենք, որ այսօր ԿԲ-ն հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ արտարժույթի շուկայի տատանումները կրում են կարճաժամկետ բնույթ, և ԿԲ-ն հաստատում է կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով:

Տեղեկացնենք նաև, որ վերջին 20 տարվա կտրվածքով մեր երկրում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է 2003 թվականին՝ 578.77, իսկ առավել ցածր ցուցանիշ՝ 1994 թվականին ( 297.74):

Share