Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ. 2016թ. առաջին եռամսյակ

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով մեր երկրի թիվ մեկ խոշոր հարկատու ընկերությունը «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը հաշվետու եռամսյակում պետական բյուջե է վճարել 15.6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հարկային ծառայությունից՝  հունվար-մարտ ամիսներին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում հանրապետության խոշոր հարկատուների առաջին եռյակում հայտնվել են նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 4.92 մլրդ ՀՀ դրամ և 4.09 մլրդ ՀՀ դրամ:

2016 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝  Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 4-րդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է՝ 3.62 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշով: 5-րդ հորիզոնականում հայտնվել է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ընկերությունը (Beeline): Վերջինս հաշվետւ երեք ամսում բյուջե է վճարել 3.43 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր:

Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 3.30 մլրդ ՀՀ դրամ, Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ 3.02 մլրդ ՀՀ դրամ, «Գրանդ-Տոբակո հայ-կանադական Հ.Ձ»-ն՝ 2.92  մլրդ ՀՀ դրամ, «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը՝ 2.31 մլրդ ՀՀ դրամ, և  «Ջեյ Թի Այ Արմենիա-ն՝ 2.09 մլրդ ՀՀ դրամ:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով մեր երկրի 10 խոշոր հարկատու ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 45 մլրդ ՀՀ դրամ:

Share