Բաժին. Ֆինանսական

ՎԶԵԲ. հոկտեմբերի 26-28-ին Երևանում «ՓՄՁ-ների Ֆինանսներ» թեմայով հատուկ դասընթաց կանցկացվի

ՎԶԵԲ-ը տեղական խորհրդատուների համար կազմակերպել է «ՓՄՁ-ների Ֆինանսներ» հատուկ մշակված դասընթացը, որը կնպաստի նրանց խորհրդատվական հմտությունների զարգացմանն ու ՓՄՁ-ներին ֆինանսական միջոցների ներգրավման գործընթացին նախապատրաստելուն:

Վերակառուցման և Զարգազման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հոկտեմբերի 26-28-ին Երևանում «ՓՄՁ-ների Ֆինանսներ» թեմայով հատուկ դասընթաց կանցկացնի: Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող դասընթացի նպատակն է զարգացնել տեղական խորհրդատուների փորձագիտական հմտությունները՝  նրանց հնարավորություն տալով հետագայում ՓՄՁ-ներին մատուցել առավել որակյալ ծառայություններ:

Դասընթացը հիմնականում կանդրադառնա ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը, պոտենցիալ ներդրումներ ներգրավելու համար բիզնես-առաջարկների մշակմանը, հնարավոր պարտքերի և կապիտալի ֆինանսավորման հեռանկարներին, ոլորտում մրցունակության և նորարարության, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձացմանը:

Փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացումը ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի առաջնային ուղղություններից մեկն է: ԵՄ-ն ՎԶԵԲ-ի` Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգացմանն ուղղված խորհրդատվական գործունեության հիմնական դոնորն է, ինչը հնարավորություն է տալիս ավելացնելու ֆինանսական միջոցների հասանելիությունը և լավագույն միջազգային փորձը ներդնել տեղական ձեռնարկությունների զարգացման համար:

Հայաստանում՝ ՓՄՁ-ների ընդլայնման տեսանկյունից, առկա է բազմաբովանդակ ֆինանսական գործիքների և մասնավորապես կապիտալ ֆինանսավորման ներգրավման պակաս: Ուստի շատ հաճախ տեղական ձեռնարկությունները պատրաստ չեն պոտենցիալ ներդրողներ ներգրավելուն և մասնագիտացած խորհրդատուների փորձառության կարիքն ունեն:

Հոկտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կանցկացնի EU4Business շաբաթը, որի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունների լուսաբանմանը և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման շեշտադրմանը:

ՎԶԵԲ-ը EU4Business շաբաթվա շրջանակներում կիրականացնի տեղական խորհրդատուների հմտությունների զարգացմանն ու ՓՄՁ-ներին ֆինանսական միջոցներ ներգրավելու գործընթացին նախապատրաստելուն ուղղված «ՓՄՁ-ների Ֆինանսներ» թեմայով հատուկ դասընթացը:

«Մասնավոր հատվածի մրցունակության աճը, կապիտալի շուկայի զարգացումն ու գործարար միջավայրի բարելավումը մեր կարևորագույն ռազմավարական թիրախներից են: Հայաստանում ՓՄՁ ոլորտն ունի լուրջ ներուժ, սակայն հաճախ առկա են ֆինանսավորման սահմանափակ այլընտրանքներ, մասնավորապես՝ կապիտալ և քվազի-կապիտալ: ՓՄՁ-ներն այսօր ներդրումներ ձեռք բերելու համար առավել խորը գնահատման և համապատասխան կառուցվածքների կարիք ունեն: Տեղական խորհրդատուների համար սա շատ օգտակար և տեղին դասընթաց է, քանի որ Հայաստանում ՓՄՁ ոլորտը առաջխաղացման կարիք ունի»,- նշեց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Անտոնի Սվիտալսկին նշեց, որ լինելով EU4Business նախաձեռնության մաս և հիմնվելով ԵՄ-ի ու իր գործընկեր երկրների միջև զարգացող համագործակցության վրա, ԵՄ-ն ոգևորված է ՎԶԵԲ-ի հետ միասին նման դասընթաց նախաձեռնելու և դրա միջոցով հայաստանյան բիզնեսին աջակցելու հնարավորությամբ: Մենք հուսով ենք, որ այս դասընթացը ավելի լավ կնախապատրաստի հայաստանյան բիզնեսներին նոր ֆինանսներ և ներդրումներ ներգրավելու հեռանկարներին, և ի վերջո հնարավորություն կտա ավելի շատ արտասահմանյան ներդրողներ ներգրավել՝ բացահայտելով այն ներուժը, որը հայաստանյան ՓՄՁ-ները կարող են կիսել աշխարհի հետ:

Share