Բաժին. Ֆինանսական

Հարկային Համաներում. նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետը կսահմանվի 2018թ. հունվարի 1-ը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթեթով մի շարք հարկային արտոնություններ են առաջարկվում բիզնեսին:

Առաջարկվում է փաստացի գործունեություն չիրականացնող, գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել: «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-ից 2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ: Մեկ այլ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2018թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն անցնել նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատանքին: Առաջարկվում է նաև ակցիզային դրոշմանիշերն էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017թ. հունվարի 1-ից:

Վերջին երկու ամսում բավականին ակտիվացել է նաև ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը: 2016թ. 11 ամսում ստացվել է շուրջ 250 հազար հեռախոսազանգ, միայն նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ՝ շուրջ 3000-ով ավելի: Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ հետևողական են ցանկացած հեռախոսազանգի նկատմամբ՝ հետադարձ կապի մեխանիզմով արդյունքի մասին դիմումատուին տրամադրելով հանգամանալի տեղեկատվություն:

Share