Բաժին. Ֆինանսական

«Նոյյան Տապան» թղթադրամն արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» մրցանակին

Հայաստանի Հանրապետության առաջին հավաքորդական «Նոյյան Տապան» թղթադրամը, որը շրջանառության մեջ է դրվել 2017 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ազգային դրամի 24-րդ տարեդարձի կապակցությամբ, 2018 թ. փետրվարին Վարշավայում (Լեհաստան) անցկացված «High Security Printing EMEA (Europe, Middle East, Africa)» կոնֆերանսին արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» (“The Best Regional Banknote of the Year”) մրցանակին:

Մրցանակը շնորհվել է կոնֆերանսի կազմակերպիչ «Reconnaissance International» կազմակերպության կողմից: Վերջինիս գործունեությունը ներառում է պաշտպանված տպագրության ոլորտը լուսաբանող 5 տեսակի ամսագրերի՝ ներառյալ «Currency News» ամսագրի հրատարակումը, միջազգային սեմինարների և կոնֆերանսների կազմակերպումը, հատուկ տեղեկատուների և հաշվետվությունների կազմումը, ինչպես նաև ռազմավարական խորհրդատվության տրամադրումը կառավարություններին և գործարարներին:

«Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» ամենամյա մրցույթին մասնակցելու համար ոլորտի կազմակերպություններն ընտրում և առաջարկում են տվյալ տարվա ընթացքում թողարկված թղթադրամներ, որոնցից կազմվում է մրցույթի մասնակից թղթադրամների վերջնական ցանկը: Մրցույթի ժյուրին կազմված է «Reconnaissance International» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներից, կոնֆերանսի կազմակերպիչներից և “ID & Secure Document News” և “Currency News” պարբերականների հրատարակիչներից:  

Բացի «Նոյյան տապան» 500 դրամ անվանական արժեքով ՀՀ հավաքորդական թղթադրամից, մրցույթին մասնակցել են հետևյալ թղթադրամները.

– Իսրայելի նոր շեկել շարքի թղթադրամները

– Վրաստանի ազգային բանկի 5 լարի անվանական արժեքով նոր թղթադրամը

– Շվեյցարիայի 10 ֆրանկ անվանական արժեքով նոր թղթադրամը

– Ղրղզստանի 2000 սոմ անվանական արժեքով նոր հիշատակային թղթադրամը

– Ռուսաստանի դաշնության 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով նոր թղթադրամները

– Շոտլանդիայի բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը

– Շոտլանդիայի թագավորական բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը

– Անգլիայի բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը

– 50 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամը

– Հունգարիայի ազգային բանկի 1000 ֆորինտ անվանական արժեքով նոր թղթադրամը

– Լեհաստանի ազգային բանկի 20 զլոտի անվանական արժեքով նոր հիշատակային թղթադրամը

– Նորվեգիայի 100 և 200 կրոն անվանական արժեքով նոր թղթադրամները:

«Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» մրցանակը շնորհվում է այն թղթադրամին կամ թղթադրամների շարքին, որոնցում համատեղված են գեղեցիկ դիզայնը, տեխնիկական հագեցվածությունն ու պաշտպանվածությունը: Թղթադրամների գնահատման հիմնական չափորոշիչներ են հանդիսանում գեղարվեստական մոտեցումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և բարձրաստիճան պաշտպանվածությունը՝ միաժամանակ մեծ կարևորություն տալով թողարկող երկրի մշակութային ժառանգության ներկայացմանը, ինչպես նաև ընդհանուր դիզայնի ու դրանում օգտագործված խորհրդանշական տարրերի անմիջական կապվածությանը թողարկող երկրի հետ:

Share