Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը 2018թ.

ՀՀ կենտրոնական բանկը վարել է 2018 թվականին արդյունավետ դրամավար­կային քաղաքականություն. հաջողվել է խարսխել գնաճային սպասումները և չեզոքացնել գնաճային միջավայրի վրա ազդող մի շարք ճնշումներ: Արդյունքում՝  12-ամսյա բնականոն գնաճը տարվա ընթացքում տատանվել է միջին հաշվով 3.8% մակարդակի շուրջ՝ տարեվերջին կազմելով 2.6%, իսկ 12-ամսյա ընդհանուր գնաճը դեկտեմբերի վերջին կազմել է 1.8%: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2018թ. ծրագրի կատարման հաշվետվությունում։

Անդրադասռնալով դրամավարկային քաղաքականությանը, հաշվետվության հեղինակներն ընդգծել են, որ ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ 2017 թ. վերջին 12-ամսյա գնաճի ձևավորված ցածր՝ 2.6% մակարդակի պարագայում գնաճային միջավայրը 2018 թվականի ընթացքում աստիճանաբար կընդլայնվի, ինչին հիմնականում նպաս­տելու էին համաշխարհային ապրանքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցու­թյունները, ինչպես նաև ԿԲ-ի կողմից իրականացվող խթանող դրամավար­կային քաղա­քականության ներքո պահանջարկի աշխուժացումը: Գնահատվում էր նաև, որ 2018 թվականի սկզբին մաքսատուրքերի և ակցիզային հարկի դրույքա­չափերի նախատես­վող փոփոխությունները կարճաժամկետ հատվածում առանձին ապրանքատեսակների վրա կունենան սահմանափակ գնաճային ազդեցություն, իսկ 2017թ. վերջին մի շարք ապրանքների թանկացման հետևանքով ձևավորված լրացուցիչ գնաճային սպասում­ները կկրեն ժամանակավոր բնույթ և կսկսեն մարել 2018 թվականի սկզբից: Նշված ծրագրի ներքո նախատեսվում էր դեռևս պահպանել դրամավարկային քաղաքականու­թյան խթանող դիրքը՝ պահանջարկի տևականու­թյունն ապահովելու նպատակով, իսկ տարվա ընթացքում, գնաճի վերականգնմանը զուգահեռ, դրամավարկային խթանող միջավայրն աստիճանաբար չեզոքացնել՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունության նպատակը:

Փաստացի զարգացումները ցույց են տվել, որ սպասվող ռիսկերը տարեսկզբին դրսևորվել են, իսկ նախորդ տարվա ընթացքում դիտված համեմատաբար բարձր պահանջարկը կրում էր ժամանակավոր բնույթ և արդեն տարվա սկզբին որոշա­կիորեն դանդաղեց, ինչը հետագայում խորացավ նաև Կառավարության կողմից իրականաց­վող զսպողական հարկաբյուջետային քաղաքականության և արտաքին աշխարհում գնաճային միջավայրի զգալի թուլացման ազդեցությամբ: Ընդ որում՝ վերոնշյալ զար­գացումներն արտացոլվել են ինչպես բնականոն գնաճի, այնպես էլ ընդհանուր գնաճի տարեկան վարքագծում:

Հիմնվելով մակրոտնտեսական փաստացի զարգացումների և թուլացող պահան­ջարկի վրա, ինչպես նաև հաշվի առնելով արտաքին ու ներքին տնտեսություններից ակնկալվող ոչ գնաճային ազդեցությունները՝ 2018 թ. ընթացքում ԿԲ-ն պահպանել է խթանող դրամավարկային քաղաքականության պայմանները՝ անփոփոխ թողնե­լով վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող 6% մակարդակը: ԿԲ-ն գնահա­տում էր, որ դրամավարկային նման քաղաքականությունը բավարար խթանող է (նաև` քանի որ աշխարհի առաջատար երկրների ԿԲ-ները տարվա ընթացքում խստացրել են դրամավարկային պայմանները) և նպաստում է կանխատեսվող հորիզոնում ներքին պահանջարկի աճին և գնաճի՝ իր նպատակային ցուցանիշի շուրջ կայունանալուն:

Միաժամանակ, երկրորդ կիսամյակում գերակշռում էին գնաճի ծրագրված հետա­գծից դեպի ներքև շեղման ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին (սպասվածից ցածր գնաճային միջավայրի ձևավորում և թույլ պահանջարկ) և թե՛ ներքին (սպաս­վածից թույլ ներքին պահանջարկ՝ պայմանավորված առավել զսպողական հարկաբյու­ջետային քաղաքականության իրականացմամբ) գործոններով: Դրսևորված ռիսկերի ներքո գնաճային միջավայրը զգալիորեն մեղմվել է, որի պարագայում ԿԲ-ն, հետամուտ լինելով միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործմանը, պահպանել է խթանող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման պայմանները և աստիճանաբար ավելացնելով խթանման հորիզոնը:

Հաշվետվությունում գնաճի առնչությամբ նշվել է, որ 2018 թվականն ընդհանուր առմամբ բնութագրվել է ցածր գնաճային միջավայրով: Տարեսկզբին 12-ամսյա գնաճը կազմել է 2.9%, այնուհետև, որոշակի ավելացումից հետո, երրորդ եռամսյակից սկսել է նվազել՝ տարեվերջին կազմելով 1.8%, ընդ որում՝ սննդամթերք և ոչ ալկոհոլային ապրանքների (ներառյալ՝ ալկոհոլային խմիչք և ծխա­խոտ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների աճը հա­մապատասխանաբար կազմել է 1.8%, 3.2% և 0.8%:

Սննդամթերք և ոչ ալկոհոլային ապրանքների գների աճը հիմնականում պայմանա­վորվել է «Մսամթերք», «Միրգ», «Յուղեր և ճարպեր», «Ծխախոտ» ապրանքախմբերի գների՝ համապատասխանաբար 8.2%, 10%, 3.1% և 7.9% աճով (ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին՝ շուրջ 1.3 տոկոսային կետ): Փատաթղթի հեղինակլն երը հարկ են համարել նշել, որ պարենային մի շարք ապրանքների՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակից դիտված առաջարկի դրական շոկի ազդեցությունները տարվա ընթացքում որոշակիորեն մարել են:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 12-ամսյա ցուցանիշի բարձր աճը վառելիքի և դեղագործական ապրանքների գների, համապատասխանաբար, 10.1% և 3.4% աճի արդյունք է (ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին՝ 0.6 տոկոսային կետ):

Ծառայությունների սակագների աճը պայմանավորվել է բնակարանային կոմունալ, օդային տրանսպորտի, կրթության, ինչպես նաև ռեստորաններ և հյուրանոցային ծառայությունների սակագների, համապատասխանաբար, 0.3%, 3.9%, 2.4% և 2.8% աճով (ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին՝ մոտ 0.2 տոկոսային կետ):

Նաև  նշվել է, որ գրեթե բոլոր ապրանքախմբերում նկատվել է կանխատեսվածի համեմատ ավելի մեղմ գնաճ՝ վկայելով թույլ պահանջարկի մասին: Վերոնշյալ զարգացումների պարագայում 12-ամսյա բնականոն գնաճի՝ տարեսկզբի 5.3% ցուցանիշը տարվա ընթացքում սահուն նվազել է և դեկտեմբերին կազմել 2.6%:

Գնաճի վարքագիծը հիմնականում համահունչ է եղել պահան­ջարկի զարգացումներին, չնայած, կրել է նաև առաջարկի որոշակի ազդեցություններ՝ հիմնականում պայմանավորված ակցիզային հարկի և մաքսային դրույքաչափերի փո­փոխություններով և մասամբ՝ պահպանվող առաջարկի դրական շոկի ազդեցությամբ, ներմուծված ապրանքների գների նվազումներով և սեզոնային գների տատանում­ներով: Գնաճի վրա ազդեցություն են ունեցել նաև ներքին շուկայում որոշ ապրանքների մասով մրցակցային միջավայրի փոփոխությունները:

Share