Բաժին. Պաշտոնական

Արցախի պետական նախարար է նշանակվել Ռուբեն Վարդանյանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար.

2) արդարադատության նախարար.

3) արտաքին գործերի նախարար.

4) գյուղատնտեսության նախարար.

5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.

6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.

7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.

8) քաղաքաշինության նախարար.

9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին»  Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝

  • պետական վերահսկողական ծառայության պետի,
  • կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
  • նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
  • պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
  • պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
  • ջրային կոմիտեի նախագահի:
Share