Բաժին. Պաշտոնական

Սերժ Սարգսյան. Կարեն Կարապետյանը կարող է կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն

Կարեն Կարապետյանն իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Այդ մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ կուսակցության գործադիր մարմինն իր առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտո­նում Կարեն Վիլենի Կարապետ­յանի թեկնածությունն առաջադրելու մասին:

«Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարա­պետյանի ունակու­թյուններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարո­ղա­նա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկա­րողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխո­րոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով:

Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարա­պետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապե­տական կու­սակցությանը նոր ոգի հաղոր­դելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստա­ցել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տա­նելու պատ­րաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստա­հու­թյուն և որ ամե­­նակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրա­կանանալի»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից, ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի խոսքով` ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Ըստ Նախագահի, նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու հա­մագործակցության համար, բայց և՝ հաստա­տակամ իր նպատակներում:

«Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխա­նությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշ­խա­վորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիր­քերը տարածաշրջանում:

Նորացված Սահմանադրության հիմքում ընկած է երկրի ողջ ներուժի արդ­յու­նավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավ­ման ինստի­տուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագա­վառներում: Առանց բաց կառավարման, հասարա­կական լայն վստա­հություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կա­ռա­վարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ  թափանցիկության, հրա­պարակային գործընթացների արդյունքում տնտե­սական այնպիսի բարե­փոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակ­ցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտես­վարող սուբյեկտի հնարավո­րություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը»,- ասել է ՀՀ Նախագահը` ավելացնելով, որ Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառա­վարու­թյունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազա­տություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պա­տասխանատվություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարևորը տեմպն է, արագությունը և արդյունա­վե­տությունը: «Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է ՀՀ Նախագահը:

Share