Բաժին. Այլ Լուրեր

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը:  Ինչպես Facebook-յան իր պաշտոնական էջում գրել է Երևանի` արդեն նախկին քաղաքապետը` հրաժարական է տալիս անձնական դրդապատճառներով ու սեփական նախաձեռնությամբ: Կարեն Կարապետյանը տեղափոխվում է այլ աշխատանքի:

Կարեն Կարապետյանի գրառման մեջ, մասնավորապես, նշվում է. «Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Այն պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաև անձնական բնույթի պատճառներով, որոնցով հանրությանը ուշադրությունը չեմ ուզում զբաղեցնել: Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ  և հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որևէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով:

Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և Երևանի ավագանուն ՝ ինձ վերապահված վստահության համար, ինչը ես քաղաքապետի լիազորությունների շրջանակում փորձել եմ արդարացնել:

Շնորհակալություն բոլոր երևանցիներին, քաղաքապետարանի թիմին, բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին, որոնք սատար կանգնեցին մեր նախաձեռնություններին ու ծրագրերին:

Միաժամանակ ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաև այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը և հանրությունը իմ պաշտոնավարման հետ կապված:

Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, և դեռ շատ բան ունենք անելու միասին, և անելու ենք մեր սիրելի Երևանի ու մեր երկրի համար»:

Հայկական լրատվամիջոցների պնդմամբ` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը տեղափոխվելու է Ռուսաստան: Նա ռուսաստանյան գազային համակարգում աշխատելու հրապուրիչ առաջարկ է ստացել: Ենթադրվում է, որ Կարեն Կարապետյանը բարձր պաշտոն է զբաղեցնելու «Գազպրոմ» ընկերությունում:

Երևանի նոր քաղաքապետի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Share