Բաժին. Այլ Լուրեր

ԳՈՐԾԱԴԻՐԸ ՈՐՈՇԵՑ. ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 3 ՏԱՐԻ

Այսօր` մարտի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում վաչապետը պարզաբանումներ է տվել «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի վերաբերյալ` ներկայացնելով վերջին շրջանում քաղաքական հնչեղություն ստացած` Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման հարցում ՀՀ կառավարության դիրքորոշումը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը դեմ է Մաշտոցի պուրակում մշտական տաղավարների տեղադրմանը: Դա կլինի ժամանակավոր` առավելագույնը երեք տարի: «Այս ժամկետը պայմանավորված է «Հին Երևան» նախագծի իրականացմամբ», – նշել է վարչապետը` հավելելով, որ  որ այս լուծումը, որն առաջարկում է քաղաքապետարանը, պետք է վերջակետ դնի ընդդիմախոսների հետ երկխոսության մեջ:

«Երևանցիների համար ընդունելի լուծում է, որպեսզի բոլորի շահերը մենք հաշվի առնենք, այդ թվում` նաև սեփականատերերի», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Իր այս դիրքորոշումից ելնելով` գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ների, «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Ե. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։

Կնքվող պայմանագրերն ուժի մեջ են մտնում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու` ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից։ Այդ պահից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում Երևանի Մ. Մաշտոցի պող. N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման` «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար։

Պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և մասնավոր ներդրումների հաշվին կորսված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր։

Share