Բաժին. Այլ Լուրեր

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ավտոմեքենաների «գոլդ» պետհամարանիշերը մեծ պահանջարկ ունեն: Դրանց գինը կարող է հասնել մինչև մի քանի միլիոն դրամի: Սակայն սա միայն հայկական առանձնահատկություն չէ: Նման երևույթ առկա է աշխարհ գրեթե բոլոր երկրներում:

Եթե որոշ երկրներում «գոլդ» պետհամարանիշը կարող է երթևեկության ընթացքում «առավելություններ» տալ` ՃՈ աշխատակիցներին իրազեկելով վարորդի հատուկ կարգավիճակի մասին, ապա մի շարք երկրներում «գոլդ» պետհամարանիշ կարող է օգտագործվել որպես բիզնեսի առաջխաղացման կամ կարողությունների ցուցադրման միջոց:

«Գոլդ» պետհամարանիշերի աճուրդներ կազմակերպող բրիտանական Regtransfers ընկերության տվյալների համաձայն՝ մեկ միլիոն ֆունտից թանկ պետհամարանիշերի ամենամեծ քանակն առկա է Արաբական Միացյալ Էմիրություններոում: «1» թվով պետհամարանիշը վաճառվել է 7.25 միլիոն ֆունտով, «5»-ի արժեքը կազմել է 3.5 մլն, «7»-ինը` 3 մլն, «9»-ինը` 1.72 մլն, կրկին «7»-ինը` 1.58 մլն, «18»-ինը` 1.56 մլն, «12»-ինը`  1.24 մլն, «99»-ինը` 1.12 մլն, «11»-ինը՝ 1.1 մլն, «55»-ինը` 0.9 մլն:

«7» համարով պետհամարանիշը վաճառվել է երկու անգամ. առաջին անգամ այն ձեռք են բերել 2008թ.-ին` 1.56 մլն ֆունտով: Երկու տարի անց պետհամարանիշի սեփականատերն այն վաճառել է 3 միլիոն ֆունտով:

Մեծ Բրիտանիայում ամենաթանկ պետհամարանիշն արժեցել է 440.6 հազար ֆունտ. «F1» պետհամարանիշի տերը Աֆզար Կանն է, ով զբաղվում է ավտոմեքենաների թյունինգով: Նրա կարծիքով՝ լավ պետհամարանիշը օգտակար կլինի իր բիզնեսի առաջխաղացման համար:

Բրիտանիայում բնակվող ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին է պատկանում «VIP 1» պետհամարանիշը: Աբրամովիչն այն ձեռք է բերել 2006թ.-ին` 285 հազար ֆունտով: Սույն համարանիշն արտադրվել է 1979թ.-ին և նախատեսված է եղել Հռոմի Պապի համար, ում մեքենան Իռլանդիա կատարած այցի ժամանակ պետք է կրեր սույն պետհամարանիշը: Սակայն Հովհաննես-Պողոս Երկրորդը հրաժավել է պետհամարանիշից, ինչից հետո այն մի քանի սեփականատեր է ունեցել և վերջապես վաճառվել Աբրամովիչին:

Share