Բաժին. Այլ Լուրեր

17.5 միլիոնանոց կողոպուտ Կանն քաղաքում. թալանել են լյուքս դասի խանութ

Չորս հանցագործ թալանել է Ֆրանսիայի Կանն քաղաքի Cartier լյուքս դասի խանութը և փախուստի դիմել 17.5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ոսկերչական զարդերով և ժամացույցներով: Ինչպես գրում է եվրոպական մամուլը՝ հանցագործներից մեկը դիմակով և զինված ներխուժել է խանութ: Քիչ անց խանութ են ներխուժել ևս երկուսը՝ դեմքերը ծածկած: Չորրորդ հանցագործը սպասել է իր հանցակիցներին փողոցում: Հանցագործության պահին խանութում եղել է երկու աշխատակից և մի քանի հաճախորդ:

Հանցագործները թանկարժեք զարդերը և ժամացույցները հավաքել են մեծ ուսապարկի մեջ: Արագության մեջ փախուստի դիմելիս նրանք ուսապարկից գցել են թանկարժեք ժամացույցներից մի քանիսը, որոնք հետո գտել են խանութի աշխատակիցները:

Հացագործները փախուստի են դիմել գողացված Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որը հետագայում այրված վիճակում հայտնաբերվել է քաղաքի բնակելի թաղամասերից մեկում:

Հանցագործությունը կատարվել է մոտ 10 րոպեում:

Ոստիկանությունն այժմ իրականացնում է հետաքննություն:

Հարկ է նշել, որ հանցագործությունը տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնից մի քանի օր առաջ:

Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս կողոպուտը Ֆրանսիայի վերջին 10 տարվա պատմության մեջ ամենախոշորն է:

Share