Բաժին. Այլ Լուրեր

Ֆրանսիայի Խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին, որը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: «Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Նախագիծը  սեպտեմբերին կքննարկվի Սենատում, որտեղ հաստատվելուց հետո կրկին կվերադառնա Ազգային ժողով վերահստատվելու համար»,- ասաց Փափազյանը` հավելելով, որ ներկա բոլոր 21 պատգամավորները կողմ են քվեարկել նախագծին:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստի վրա աշխատել են Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ կազմակերպությունների իրավաբանները: Տեքստը մշակվել է Ֆրանսիայի Սահմանադրությանը համապատասխան և հայ համայնքի համար ընդունելի տարբերակով: «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրենքինախագծի» տեքստը Ֆրանսիայի կառավարությունը հրապարկել է հունիսի 29-ին:

Նա հավելեց, որ այժմ հայկական համայնքը պետք է լուրջ աշխատանք տանի, որպեսզի նախագիծը  հաստատվի նաև Սենատում` նկատելով, որ այդ ընթացքում Թուրքիան էլ իր լծակներով փորձելու է ամեն ինչ անել` Սենատի կողմից նախագծի հաստատումը կանխելու համար: «Թուրքիան, իհարկե, չէր սպասում, որ Ազգային ժողովն այսքան արագ նման որոշում կկայացնի: Նրանք փորձում էին ճնշում գործադրել կառավարության վրա և նախագահ Օլանդից պահանջում էին հետ կանչել օրինագիծը, սակայն դա չեղավ: Հիմա մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, և ես համոզված եմ, որ հաղթանակ կտանենք»,- ասաց Փափազյանը:

«Այս տարվա հունվարի 25-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կառավարության ներկայացուցիչներին հանձնարարեց առաջարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրենքի տեքստ, որը կհամապատասխանի նաև Սահմանադրությանը: Հայկական կազմակերպությունների մասնագետներն աշխատեցին ֆրանսիացի իրավաբանների հետ՝ մեզ համար ընդունելի և Սահմանադրությանը համապատասխանող տեքստ մշակելու համար: Այսպիսով, Ֆրանսիայի նախագահը տեր կանգնեց իր խոստմանը և սպասվում է, որ հունիսի 30-ին կամ հուլիսի 4-ին այն կներկայացվի Ազգային ժողով: Օրենքի նախագիծը հավասար է հակառասիստական և հակասեմիտական օրենքների տեքստերին»,- ասաց Փափազյանը: Նրա խոսքով՝ օրինագծի տեքստում որպես ցեղասպանության օրինակ նշվում է Հայոց և Ռուանդայի ցեղասպանությունը:

Share