Բաժին. Սոցիալական

Ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր «ռեԱրմենիա» հարթակի, «IDBank»-ի և «Իդրամ»-ի միջև

«Իդրամ»-ը, «IDBank»-ը և «ռեԱրմենիա» հարթակը համագործակցության եռակողմ հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ «ռեԱրմենիա» հարթակում ներկայացված նախագծերը պարբերաբար կընդգրկվեն «Մի դրամի ուժի» ծրագրում։

«Շատ խորհրդանշական պահ է. Հայաստանում ամենախոշոր վճարային համակարգը՝ «Իդրամ»-ը, և ամենախոշոր համագործակցության հարթակը՝ «ռեԱրմենիա»-ն, միասին հուշագիր են ստորագրում։ Սա հայ ազգի արդյունավետ համագործակցության կարևորագույն քայլերից է դեպի հզոր ապագա»,- ասում է «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Հուլիս ամսվա համագործակցության արդյունքում «Մի դրամի ուժի» ողջ գումարն ուղղվելու է «ռեԱրմենիա» հարթակում ներկայացված «MetaGait» նախագծին։

Նախագիծն օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը աշխարհում պատենտավորված գյուտի՝ հայկական նորարարական «MetaGait» սարքի միջոցով՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություններ։

«Վստահ ենք, որ նորարարական սարքի շնորհիվ հենաշարժողական խնդիր ունեցող մեր հայրենակիցները՝ հաշմանդամություն ունեցող զինվորներն ու մանկական ուղեղային կաթված ստացած երեխաները լիարժեք վերականգնողական բուժում կստանան Հայաստանում»,- ասել է «IDBank»-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Նախագծի նպատակն է «ռեԱրմենիա» հարթակի միջոցով հավաքել 35 «MetaGait» սարքերի արտադրության համար անհրաժեշտ գումար և նվիրել բոլոր այն մարդկանց և վերականգնողական կենտրոններին, որոնք շատ շտապ ունեն սարքի կարիքը, բայց, ցավոք, ի վիճակի չեն ձեռք բերել սեփական միջոցներով։

«ռեԱրմենիա»-ն հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել դրանք լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։

Share