Բաժին. Սոցիալական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հովանավորությամբ մեկնարկեց «Հայկական կամուրջներ» ցուցահանդեսը

Այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանի մեծ դահլիճում, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ և հովանավորությամբ, մեկնարկեց Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամի կազմակերպած «Հայկական կամուրջներ» ցուցահանդեսը, որը նվիրված է Աշտարակում կառուցված Երևանցի խոջա Գրիգորի կամրջի 350 ամյակին:

«Մեր հայրենիքը շատ հարուստ է մշակութային ժառանգությամբ, սակայն մի քիչ անարդարացի ձևով ավելի պաշտամունքային կառույցներից ենք տեղյակ, մինչդեռ մենք ունենք նաև այլ կառույցներ: Եվ քանի որ այս տարի բոլորում է Աշտարակի կառույցի 350-ամյակը, մտածեցի, պատրվակ ունենալով այս տարելիցը, անդրադառնալ ամբողջ Մեծ Հայքի տարածքում դարերի ընթացքում ավելի քան 2000 տարվա կամուրջներին և ներկայացնել դրանց մի մասը»,-ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ, հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Սամվել Կարապետյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ: Կարապետյանի խոսքերով՝ Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամը մտադիր է եղել սեփական միջոցներով կազմակերպել ցուցադրությունը, սակայն բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս միջոցառմանը: Գիտնականը նշեց նաև, որ սա առաջին դեպքն է, երբ ցուցահանդեսը հովանավորվում է ֆինանսական կազմակերպության կողմից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանը բանկի կողմից նման միջոցառման աջակցությունը բնական է համարում, նշելով, որ իրենք հայ են, հայկական կազմակերպություն, սիրում են Հայաստանը և իրենց պարտքն են համարում մասնակցել նմանատիպ միջոցառումներին:

Գլխավոր տնօրենի տեղակալը նշել է նաև, որ նախկինում ևս բանկը Հայաստանը ճանաչելի դարձնելուն միտված մի շարք միջոցառումներ է իրականացրել, և որ ապագայում նույնպես նման ծրագրերի աջակցությունը կշարունակվի:

Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 15-ը, մուտքն ազատ է:

Share