Բաժին. Սոցիալական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Բացվեց Գավառի մանկատան ուսումնական կենտրոնը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ,  «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը  հայտարարեցին Գավառի մանկատան կրթական կենտրոնի բացման մասին:

Կենտրոնը Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան  60 սաների հնարավորություն կտա ստանալ մասնագիտական կողմնորոշում և արհեստավարժ մասնագետների օգնությամբ լավագույնս պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Ստեղծվել են նաև մասնագիտական խմբակներ՝ վարսահարդարում, փայտամշակում, կոշկակարություն, կարուձև և դիզայն/սեղանների ձևավորում, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություն են ընձեռելու երեխաներին ստանալ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ: Այս եռամյա ծրագրի իրականացման համար հատկացվել է 41 մլն. ՀՀ դրամ:

«Վորլդ Վիժնը մեծապես կարևորում է պատանիների և երիտասարդների հետ աշխատանքը. ներդնելով նրանց կրթության և զարգացման գործում՝ Վորլդ Վիժնը նպատակ ունի նպաստել ակտիվ, մասնակից և իր համայնքի զարգացման համար մտահոգ սերնդի ձևավորմանը: Այս նպատակով ծրագրի շրջանակներում կիրագործվեն նաև դպրոցականների նախագծված փոքրածավալ ծրագրերը, որոնք ուղղված կլինեն համայնքի և երիտասարդների զարգացմանը», – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Կենտրոնը ստեղծվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում թողարկված VISA ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի շնորհիվ:

«Այս տարի ամռանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստան Համահայկական հիմնադրամի և Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև կնքված համագործակցության պայմանագիրով մենք սկիզբ դրեցինք մի հրաշալի նախաձեռնության, որը ամիսներ անց իրականություն դարձավ: Բանկի VISA ԲԱՐԵՐԱՐ քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում այսօր Գավառի մանկատանը բացվեց այս կրթական կենտրոնը, որը հնարավորություն է տալու երեխաներին ստանալ որակյալ մասնագիտական կրթություն, պատրաստվել բարձրագույն ուումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Այս կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն նաև Գավառի անապահով ընտանիքների երեխաները: Բանկը ապագայում հետևողական է լինելու մանկատան սաներին կրթաթոշակներով և հնարավորության դեպքում նաև աշխատանքով ապահովելու հարցում: Մենք շնորհակալ ենք Վորլդ Վիժն Հայաստանին, Հայաստան Համահայկական հիմնադրամին մեր նախաձեռնությանը միանալու և այն կյանքի կոչելու համար և, իհարկե, մեր բոլոր Visa Բարերար քարտի քարտապաններին, որոցից յուրաքանճյուրը իր լուման ունի այս գործում», – նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Մեր բոլոր երեխաներն էլ արժանի են, որ ապրեն եւ ուսանեն ջերմ ու հոգատար միջավայրում, ինչը, վստահ եմ, կա ավառի այս օջախում: Թող այս ուսումնական կենտրոնը ոչ միայն զինի նրանց գիտելիքներով ու հմտություններով, այլեւ մեծ հաշվով օգնի, որ այս պատանիները դառնան հասարակության լիարժեք անդամ եւ շեն պահեն մեր հայրենիքը», – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Share