Բաժին. Սոցիալական

IDeA հիմնադրամ. $ 250,000 սիրիահայերին աջակցելու համար, նաև հայտարարվել է դրամահավաք

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամն այսօր տարածել է հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ.

«IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի, Սփյուռքի և աշխարհի բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք ակտիվորեն սատարեցին մեր կոչը: Բարձր ենք գնահատում առանձին անձանց, հասարակական կազմակերպությունների, պետության և եկեղեցու ջանքերը` ուղղված ռազմական հակամարտության պայմաններում ապրող Սիրիայի մեր հայրենակիցներին:

Հուսով ենք, որ ազգային կոնսոլիդացիայի գործընթացը` ուղղված սիրիահայերին աջակցելուն, կշարունակի թափ առնել և նպաստել հայկական համայնքի իրական իրավիճակի մասին հավաստի տեղեկատվության տարածմանը:

Սիրիայի հակամարտությունը երկար է տևում, այդ երկրում բնակվող հայերի խնդիրների լուծումը բարդանում է տարբեր դիրքորոշումների և շահերի պատճառով, սակայն մենք մեր հայրենակիցների կյանքերի փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:

Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային և միջազգային մակարդակներում, IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Հայաստանում սիրիահայերին աջակցության ծրագրեր իրագործող RepatArmenia, Mission Armenia, «Հալեպ» կազմակերպությունների միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար.

– աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);

– աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);

– աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալեպ»);

– աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):

Միջոցները բաշխվելու են յուրաքանչյուր ծրագրի ծավալի և յուրահատկության համապատասխան:

Բոլոր ցանկացող անհատներն ու կազմակերպությունները կարող են միանալ այս նախաձեռնությանը, վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության, կամ էլ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով:

Գործընկեր-կազմակերպությունների և IDeA-ի հաշվեհամարներ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ

«ՀԱԼԵՊ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ, ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ

«ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ

Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, Mission Armenia, «Հալեպ» և Repat Armenia կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով կարող են իրենց առաջարկներն ուղղել sai@idea.am էլ. փոստով կամ +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:

Գիտակցելով Մերձավոր Արևելքում հայկական համայնքների պահպանման կարևորությունը, մենք լիահույս ենք, որ մեր կողմից առաջարկված կոնսոլիդացման մեխանիզմը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը և նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»:

Share