Բաժին. Սոցիալական

Վիվա-ՄՏՍ. Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են

Մարզերում էներգախնայող համակարգերի ներդրման ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն հաստատել են այն բնակավայրերի ցանկը, որտեղ 2020 թվականին աշխատանքներ կտարվեն: Իսկ մինչև կոնկրետ քայլերի իրականացումը, ամփոփվում են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, LED համակարգերի պաշտոնական գործարկումը մի շարք համայնքներում հետաձգվել էր: Այժմ դրանք իրականացվում են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով՝ տեսազանգով: Գործընկերների առաջին հեռավար շփումը եղել է Երևան-Սյունիք տարածության վրա: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանն ու Լորի վարչական տարածքի ղեկավար Դավիթ Առուստամյանը, փորձել են գնահատել համակարգի արդյունավետությունը: Տեսազանգի ընթացքում քննարկվել են նաև հետագա աշխատանքին առնչվող կազմակերպչական հարցեր:

«Ստիպված ենք կիրառել աշխատանքի այնպիսի մեթոդ, որը նվազեցնում է հանդիպման անհրաժեշտությունը, սակայն դա չպետք է խանգարի ծրագրի արդյունքին: Ֆիզիկապես ձեզ հետ չեմ, բայց նման տեսազանգերով  կապի մեջ կլինենք, մինչև նոր հանդիպում: Այն, ինչ ժամանակավոր է, կարելի է հաղթահարել: Անհամբեր սպասում եմ իրավիճակի կարգավորմանը՝ մարզեր այցելելու և մեր գործունեությանն առավել մեծ թափ հաղորդելու համար»,-տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լոր գյուղը՝ Համո Սահյանի ծննդավայրը, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով և հավակնում է դառնալ էկոտուրիզմի կենտրոն։ Գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայր դարձնելու համար, Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրակայացրել են առաջին քայլերը. Լորում լուսավորության՝ բնապահպանության պահանջներին համապատասխան LED համակարգ է կառուցվել: Լուսավորվել են գյուղի կենտրոնական փողոցի մի հատվածն ու երկրորդական փողոցները: Տարածքը ներառել է նաև անվանի բանաստեղծի տուն-թանգարանը: Կառուցվել է 32 լուսարձակ ունեցող փողոցային լուսավորության համակարգ՝ ներառելով մոտ 1,250 մ երկարությամբ փողոց:

Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար շատ բնակավայրերում աշխատանքներն իրականացվում են տարիների ընթացքում: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել և ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ)  ու  ջրընդունիչը:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն ի տարբերություն շիկացման լապերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար և կրկնակի արդյունավետությամբ:  Ամռան ամիսներին Լորի փողոցները լուսավորվեն ժամը 21:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am    

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share