Բաժին. Բիզնես

2022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 15.95 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 1.47%-ով կամ 0.23 մլրդ դրամով։

20-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) է: Ընկերությունը մուծել է 8.81 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17.01%-ով կամ 1.28 մլրդ դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 26-րդ հորիզոնականը։ 2022թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը մուծել է 7.87 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 28.13%-ով կամ 3.08 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 149-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.78 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 4.19%-ով կամ 77.69 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 34.4 մլրդ դրամ հարկ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.64 մլրդ դրամով կամ 4.57%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.31%-ը։ 2021թ.-ի համանման ցուցանիշը 3.19% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/01/23 դրությամբ՝ 396.02 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 86.86 մլն դոլար։

Share