Բաժին. Տնտեսական

FITCH-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Եվրոպական պարտքային ճգնաժամի խորացումն ու եվրոյի գոտու անդամ երկրների ֆինանսական անկայունությունն առաջ են բերում նոր մակրոտնտեսական ռիսկեր և սահմանափակում համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնման միտումների ուժեղացումը: Այս համատեքստում, միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը վերանայել և արդյունքում իջեցրել է իր կանխատեսումները. ընթացիկ տարվա համար վարկանիշային գործակալությունը կանխատեսում է համաշխարհային տնտեսության 2.2% աճ, իսկ 2013 թվականի համար՝ 2.8% աճ:

Ինչպես նշվում է վարկանիշային գործակալության Global Economic Outlook զեկույցում՝ եվրոյի գոտու անդամ երկրների ֆինանսական համակարգում առկա լարվածության աճը բացասաբար կանդրադառնա համաշխարհային տնտեսության զարգացման միտումների վրա: Կարճաժամկետ հատվածում զգալի կլինի նաև տարածաշրջանի երկրների կառավարությունների կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության բացասական ազդեցությունը:

Կանխատեսվում է, որ 2012 թվականին եվրոյի գոտու անդամ երկրները կապահովեն ընդամենը 0.4% տնտեսական աճ, 2013 թվականին՝ 0.9%, իսկ 2014 թվականին՝ 1.5% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի համար վարկանիշային գործակալության վերլուծաբանները կանխատեսում են 2.2% տնտեսական աճ՝ ընթացիկ տարում, 2.6% և 3% տնտեսական աճ՝ համապատասխանաբար 2013 թվականին և 2014 թվականին:  

Նշենք նաև, որ ըստ կանխատեսումների՝ 2012 թվականին BRICS երկրներում (Բրազիլիա, Ռուաստան, Չինաստան, Հնդկաստան, ՀԱՀ) տնտեսական աճը կկազմի 6%, իսկ 2013 թվականին՝ 6.6%:

Share