Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Գնաճի հաշվետվություն – 2022/1

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հրապարակվել է Գնաճի հաշվետվություն 2022/1 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2022թ. Դրամավարկային քաղաքականության 2021թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) զեկույցը։

Գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո էապես կարևորվում է ԿԲ հաղորդակցումը հանրության հետ, որի հիմնական ուղիներից մեկը յուրաքանչյուր եռամսյակ «Գնաճի հաշվետվության» հրապարակումն է: «Գնաճի հաշվետվության» առաջին բաժինը ներկայացնում է «Դրամավարկային քաղաքականության ծրագիրը», որը ներառում է կանխատեսվող հորիզոնում դրամավարկային քաղաքականության ուղղությունները և դրանց ներքո գնաճի ու մակրոտնտեսական մյուս ցուցանիշների կանխատեսումները: Վերոնշյալ կանխատեսումները հիմնված են ներկա իրավիճակի ԿԲ գնահատականների և ապագայի վերաբերյալ ենթադրությունների վրա, որոնք ներառում են նաև ԿԲ գործողությունների ազդեցությունը:

Հաշվետվության երկրորդ բաժինը նախորդող մեկ տարվա կտրվածքով դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունն է, որը ներկայացնում է իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները և տնտեսության փաստացի զարգացումները: Գնաճի նպատակային ցուցանիշին զուգահեռ գնաճի կանխատեսման և դրա հիմքում ընկած ենթադրությունների հրապարակումը ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը դարձնում է առավել թափանցիկ, հասկանալի և կանխատեսելի, որով նպատակադրվում է բարձրացնել Կենտրոնական բանկի հանդեպ հանրության վստահությունը: ՀՀ կենտրոնական բանկը համոզված է, որ հանրության համար հասկանալի ու վստահելի դրամավարկային քաղաքականությունը արդյունավետ ներգործություն ունի գնաճային սպասումների խարսխման և գների կայունության ապահովման ծախսերի նվազեցման առումով:

Դրամավարկային կանոնի համաձայն՝ քաղաքականությունն ուղղվում է նպատակային 4% ցուցանիշի և գնաճի անխատեսումների միջև շեղումները արդյունավետ կերպով նվազագույնի հասցնելուն: Ծրագրված քաղաքականության ուղղությունների արդյունքում ձևավորվող գնաճի ցուցանիշի հետագիծը հրապարակվում է հավանականությունների բաշխման գծապատկերի միջոցով՝ 12 եռամսյակների ժամանակային հորիզոնի համար:

Սույն հաշվետվությունում կանխատեսումների համար հիմք են ծառայել մինչև վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաստատման օրը՝ 2022 թ. մարտի 15-ն առկա փաստացի տեղեկատվությունը, Կենտրոնական բանկի կողմից արված հարցումների արդյունքները և մակրոտնտեսական ապագա զարգացումների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա արված դատողությունները:

1. Համառոտագիր

2022 թ. սկզբին և՛ համաշխարհային, և՛ ՀՀ տնտեսությունում դիտվում էր տնտեսական ակտիվության արագ վերականգնում, իսկ 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում էր սպասվածից ավելի
արագ տեմպերով: Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության սրումը և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն աննախադեպ մեծ  անորոշություններ են ստեղծել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական զարգացումների առումով: Էական բարձր անորոշությունների և բազմակողմանի ռիսկերի ձևավորման պայմաններում ՀՀ ԿԲ-ն կառուցել է իրավիճակի զարգացման մի շարք սցենարներ, որոնցից մեկն ընկած է ընթացիկ դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում:

Տվյալ սցենարի համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հետևանքով ընթացիկ տարում սպասվում է համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում, իսկ Ռուսաստանի պարագայում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային, այդ թվում՝ էներգակիրների և պարենային ապրանքների առանձին շուկաներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվել է, և ավելացել են գնաճային սպասումները:

Նշված զարգացումները և հատկապես ՌԴ-ի նկատմամբ կի րառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, ինչը հիմնականում կարտահայտվի արդյունաբերության ճյուղի անկմամբ և դրամական փոխանցումների նվազմամբ: Վերջինիս բացասական ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ կմեղմվի զբոսաշրջության ոլորտում սպասվող որոշակի աշխուժացմամբ՝ պայմանավորված հիմնականում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների զգալի ավելացմամբ։

Մյուս կողմից՝ ապրանքահումքային միջազգային շուկաներից ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ներքին գներին է փոխանցվում գնաճային զգալի ազդեցություն, ինչն իր հերթին արտահայտ վում է գնաճային սպասումների և ռիսկերի ավելացմամբ։

ՀՀ ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ վերոնշյալ գործոններով պայմանավորված, առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում: Այդ իրավիճակում, հաշվի առնելով երկրի ռիսկ-հավելավճարի էական ավելացումն ու գնաճային սպասումների աճը՝ Կենտրոնական բանկն արդեն իսկ համեմատաբար մեծ քայլով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Վերջինս, քաղաքականության տոկոսադրույքի նախորդ բարձրացումների հետ մեկտեղ, սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո կհանգեցնի 12-ամսյա գնաճի աստիճանաբար նվազմանը և միջնաժամկետ հատվածում նպատակային 4% ցուցանիշի շուրջ կայունացմանը:

ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների սույն սցենարի համաձայն՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցության պարագայում 2022 թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը էականորեն նվազեցվել է: Միջնաժամկետ հատվածում ևս տնտեսական աճը, նախորդ կանխատեսման համեմատությամբ, ավելի ցածր կլինի: Մինչև տարեվերջ տնտեսական աճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ:

2022 թ. համար կանխատեսված տնտեսական աճի վերանայումը մեծ մասամբ պայմանավորված է արդյունաբերության ճյուղի սպասվող անկմամբ, ինչպես նաև շինարարության ու ծառայությունների ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ: Միաժամանակ, համախառն պահանջարկը կկրի արտաքին պահանջարկի թուլացման և արտերկրից դրամական փոխանցումների զգալի նվազման բացասական ազդեցությունը, մինչդեռ զբոսաշրջության ոլորտից ակնկալվում է դրական նպաստում: Միջնաժամկետում տնտեսական աճի դանդաղումը կպայմանավորվի ներդրումների ակնկալվող ավելի թույլ միջավայրով, ինչն էլ իր հերթին կանդրադառնա արտադրողականության ավելի դանդաղ վերականգնման վրա։

Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կան խատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են (մանրամասն տե՛ս «2.2.4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Կենտրոնական բանկը, ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների և առկա բարձր անորոշության ներքո, քննարկում է տարբեր սցենարներ, ամենօրյա ռեժիմով մշտադի տարկում մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունները և որևէ ուղղությամբ գնաճային ռիսկերի դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքելու՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումն ապահովելու համար։

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

Share