ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ԲՐՈՒՆՈ ՍԿԱՊԻՆԻԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին։
Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իտալական հարաբերություններում նոր առաջընթացի ձեռքբերմանը։ Վարչապետն ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Իտալիայի հետ ձեւավորված դարավոր բարեկամական հարաբերությունները, որոնք այսօր հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում առավել զարգացման եւ ամրապնդման լավ հեռանկարներ ունեն։
Զրուցակիցները նշել են, որ երկկողմ ամուր հարաբերությունների հիմքի վրա հնարավոր է նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում։
Բրունո Սկապինին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների առեւտրատնտեսական ներուժի օգտագործման մեծ հնարավորություններ կան հատկապես մասնավոր հատվածում։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը հաջողություններ է մաղթել Բրունո Սկապինիին` դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։