HYUNDAI-Ն ԵՎ KIA-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏ ՎԱՃԱՌՎՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԵՆ
Հարավկորեական առաջատար Hyundai Motor և նրա հետ միասին մեկ արտադրական խմբի մեջ ներառված Kia Motors ընկերություններն իրենց վաճառքի ծավալներով 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Ռուսաստանում առաջինն են: Այս մասին ասվում է ավտոարտադրության հետազոտության կորեական ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Hyundai և Kia ընկերությունները ռուսաստանյան շուկայում իրացրել են շուրջ 32 հազար ավտոմեքենա` այդ կերպ գրավելով շուկայի 9.4%-ը:
Նշենք, որ 2008 թվականի նույն ժամանակահատվածում կորեական այս երկու ընկերություններն, ինչպես այս տարի, իրենց վաճառքի ծավալներով զբաղեցրել էին առաջատար դիրք` գրավելով ռուսական ավտոշուկայի 10.5%-ը:
2009 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանում վաճառվել է ամերիկյան General Motors ընկերության 24 հազար ավտոմեքենա, իսկ ամերիկյան խոշոր ավտոարտադրող ընկերության մասնաբաժինը ռուսական ավտոշուկայում կազմել է 7.1%: